Հայաստանը խաղաղություն է ուզում, Թուրքիան՝ մարդասպանություն. հայերը Մադրիդի փողոցներում են

Բազմության առջևից քայլում է հայտնի իսպանահայ դերասան, «Թղթե տուն» հեռուստասերիալի աստղ Հովիկ Կեուչկերյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Աշխարհի տարբեր երկրներում հայերը շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել ընդդեմ Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանակա-թուրքական հարձակման։ Քիչ առաջ մեկնարկեց հերթական բողոքի քայլերթը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

Նույնիսկ անձրևոտ եղանակը չի խոչընդոտել, որ բողոքի քայլերթը բազմամարդ լինի։ Հայերը մայրաքաղաք Մադրիդ են ժամանել Իսպանիայի տարբեր հատվածներից՝ իրենց ձայնը Իսպանիայի ղեկավարությանն ու Եվրոպային լսելի դարձնելու համար։ Մի քանի հազար մասնակիցներ քայլում են հայոց եռագույնը ծածանելով, տարբեր պաստառներով և վանկարկելով.

Հույներն ու հայերը բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիա տանող միջպետական ճանապարհին

«Հայաստանը խաղաղություն է ուզում, Թուրքիան՝ մարդասպանություն»։

Մասնակիցները պահանջում են «Անջատում՝ հանուն փրկության»։

Բողոքի քայլերթը լուսաբանում են իսպանական տարբեր լրատվամիջոցներ, մինչդեռ արցախյան պատերազմը իսպանական մամուլը գրեթե չի լուսաբանում։ Մասնակիցները տանում են նաև մի քանի մետր ձգվող հայոց եռագույնը։ Նրանք անցան Թուրքիայի դեսապանատան մոտով՝ քայլելով դեպի կոնգրեսականների նստավայր։

«Կույր մի եղեք». Երևանում ՄԱԿ–ի դեմ իրականացված բողոքի ակցիան լուսանկարներով

Բազմության առջևից քայլում են հայազգի հոգևորականն ու հայտնի իսպանահայ դերասան, «Թղթե տուն» հեռուստասերիալի աստղ Հովիկ Կեուչկերյանը։ Հիշեցնենք՝ դերասանը տեսաուղերձով էր հանդես եկել՝ պատմելով Արցախում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի մասին։ Նա կոչ էր արել միջազգային խոշոր կառույցներին ու գերտերություններին խոսքից գործի անցնել:

«Դա ավելին է, քան պատերազմ։ Հայաստանն Արցախի հետ ունի 3.150.000 բնակչություն, Թուրքիան Ադրբեջանի հետ՝ ընդհանուր հաշվով մոտ 92 միլիոն բնակչություն։ Բացի այդ Թուրքիան և Ադրբեջանը միասին ունեն ավելի ուժեղ և տեխնիկապես զինված բանակ, քան հայկականը։ Այդ ամենը քիչ էր, նրանց շարքերում են նաև սիրիացի և լիբիացի ահաբեկիչներ։ Նրանց վարձել են, որպեսզի նրանք սպանեն հայ թե զինվորականներին, թե խաղաղ բնակիչներին։ Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմ»,- ասել է դերասանն ու ընդգծել՝ հայերն ուզում են ապրել խաղաղ ու բարգավաճել իրենց մայր հայրենիքում՝ աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում։

ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա անող արցախցիներին հազարավոր հայաստանցիներ միացան. լուսանկարներ

Կեուչկերյանը նշել է՝ հայերն իրենց ամբողջ արյունոտ պատմության ընթացքում չեն կորցրել իրենց երազանքները, ձգտումները, կամքը, ուժը, ու ոչ մեկ չի կարողացել մեզնից խլել մեր միասնականությունը, համախմբվածությունն ու արյան կանչը։

«Նրանց դա չի հաջողվել, չի հաջողվում ու չի հաջողվելու»,- ասել է դերասանն ու մեջբերել Էրդողանի խոսքերը, թե ժամանակն է իրենց պապերի կիսատ գործն ավարտին հասցնել։ Նա նշել է՝ նրանց պապերը քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունն արեցին, մինչդեռ աշխարհն այլ կողմ էր նայում։ Հիմա էլ Թուրքիան նույն բանն է անում, իսկ աշխարհի ուշադրությունը կրկին այլ ուղղությամբ է։

«Ես ուզում եմ ուղարկել իմ ամբողջ ուժը, էներգիան, հիացմունքս, հարգանքս, սերը, իմ բոլոր աղոթքները Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությանը, մարտական գործողությունների ընթացքում ընկած ու հերոսացած հայերին և նրանց ընտանիքներին և բոլոր զինծառայողներին, ովքեր այս պահին կրկին ատամներով պաշտպանում են մեր սուրբ հողը։ Իմ քույրեր և եղբայրներ, դուք մենակ չեք, Աստված օրհնի ձեզ»,- եզրափակել է իր ուղերձը հայտնի դերասանը։