Սիրիացի զինյալ–ահաբեկիչների գործողություններն ուղիղ սպառնալիք են ՌԴ անվտանգությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Արցախի տարածք տեղափոխված ահաբեկիչների խնդրին` համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանին ևս պետք է անհանգստացնի ստեղծված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ րԱրցախի տարածքում ջախջախված ահաբեկչական խմբավորումների մնացորդներն աստիճանաբար տեղափոխվում են Ռուսաստանի տարածք։ 

Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են հանդիպել

«Տեղափոխվում են Ռուսաստան, որովհետև կարծում եմ, որ նրանք Ռուսաստանը նույնպես համարում են թշնամի, ինչպես Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Հարցն այն է, թե ինչպես կշարունակվի այս ողջ գործընթացը: Արդյո՞ք Ռուսաստանը կսպասի, որ այս բոլոր տարրերը տեղափոխվեն Ռուսաստանի տարածք, և այնտեղ իրականացնի հակաահաբեկչական արշավ կամ հակաահաբեկչական գործողություններ: Չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկվո՞ւմ է հենց տեղում հակաահաբեկչական օպերացիա ձեռնարկելու հնարավորությունը»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետն արձանագրել է, որ Ռուսաստանն արդեն հակաահաբեկչական գործողություններ է ձեռնարկել Սիրիայում, քանի որ չնայած Ռուսաստանից հեռու լինելու հանգամանքին, սիրիացի զինյալների և ահաբեկիչների գործողություններն անգամ Սիրիայի տարածքում ուղիղ սպառնալիք են Ռուսաստանի ազգային անվտանգությանը:

«Այժմ արդեն ռուսաստանյան փորձագետները (ես, իհարկե, չգիտեմ, թե որքանով է ճիշտ այս հաշվարկը) ասում են, որ նրանք գտնվում են Ռուսաստանի սահմանից մոտ մինչև 80 կմ հեռավորության վրա: Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը լեգիտիմ իրավունք և հիմքեր ունի, որպեսզի արձագանքի այդ իրավիճակին»,– ասել է ՀՀ վարչապետը։

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձկանների համար. Սարգսյան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը