Լավրովը խոսել է Ղարաբաղի մասին. «Մարտերը շարունակվում են, դա անընդունելի է»

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո հույսերը չարդարացան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասել է, որ ակտիվ աշխատանք է տարվում Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության մեխանիզմի ուղղությամբ: 

«Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո հույսերը չարդարացան, Ղարաբաղում մարտերը շարունակվեցին, դա անընդունելի է»,– նշել է նա։

Լավրովի խոսքով` Ղարաբաղյան հակամարտության կողմերին պետք է դրդել համաձայնեցնել այն դրույթները, որոնք թույլ կտան կայունացնել իրավիճակը։

«Այժմ ամենակարևորը, և դա երևի մեծ ջանքեր չի պահանջի՝ անհապաղ դադարեցնել առճակատման հռետորաբանությունը ինչպես կողմերի միջև, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների գծով», - ՌԴ արտգործնախարարը:

Նա նշել է, որ հաջորդ անհրաժեշտ քայլը ռազմական գործողությունների դադարեցումն է, քաղաքացիական օբյեկտներին ուղղված հարվածների դադարեցումը:

Մոսկվան անընդունելի է համարում գրոհայինների մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը

«Սա այն նույն պահանջն է, որը կա նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարների հայտարարության մեջ։ Այդ մասին կա մոսկովյան փաստաթղթում և հաստատվել է այն փաստաթղթում, որը համաձայնեցրել են հոկտեմբերի 18 -ին՝ փորձելով կանգնեցնել արյունահեղությունը», - հավելել է ռուս նախարարը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն հոկտեմբերի 18–ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։