Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին

Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը Գեղարքունիքի մարզում է ու ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է հոկտեմբերի 16-ին Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին: Տեղեկությունը մարզպետը հայտնել է Facebook–ի իր էջում և հրապարակել փոքրիկի լուսանկարը։

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան». ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին

«Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեցի երջանիկ ու ապահով մանկություն»,–գրել է Սանոսյանը:

Մարզպետն ընդգծել է, որ հայ ազգը այսօր առավել քան երբևէ մոնթեների կարիք ունի։

«Թող նման ծնունդները ուղեկից լինեն մեր ազգին»,–եզրափակել է Սանոսյանը։

Ավելի վաղ Արցախում ադրբեջանական զինուժի գնդակոծության ենթարկված հղի հայուհին երեխա էր ունեցել և նրան անվանակոչել Մոնթե` ի պատիվ Հայաստանի ազգային հերոս, 90-ականների Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի: Իսկ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հոկտեմբերի 1-ին ծնվել էր Արթուրը՝ իր ընտանիքի միակ փոքրիկը, որը լույս աշխարհ էր եկել Արցախի սահմաններից դուրս։ Նրա մայրը ՝ Էլլադա Կարապետյանը, գնդակոծությունից հետո էր տարհանվել Արցախից, իսկ փոքրիկի հայրն այս պահին գտնվում է առաջնագծում։