Եթե միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք. Փարիզի քաղաքապետ

Ֆրանսիական Nouvelles d’Arménie պարբերականի հետ զրույցում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ Թուրքիայի ներգրավումը հակամարտության մեջ ցեղասպանության հիշողություն է արթնացնում հայերի մեջ, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիացի 22 խորհրդարանականներ`տարբեր կուսակցություններից, հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի խորհրդարան բանաձև են ներկայացրել Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունն «առանց հապաղելու» ճանաչելու մասին։

«Մեկին մորթել են, մյուսին` վիրավորել». արցախցի կանայք ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա են անում

Ֆրանսիական Nouvelles d’Arménie պարբերականի հետ զրույցում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, մեկնաբանելով այս նախաձեռնությունը, ասել է, որ կիսում է այդ մոտեցումը։ «Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք»,– ասել է նա։

Քաղաքապետը, սակայն, հիշեցրել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հարցի լուծումը դիտարկում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։  «Այնպես որ, ես չեմ ուզում խանգարել կամ խոչընդոտել Ֆրանսիայի`խաղաղ լուծում գտնելու ջանքերին»,– ասել է Իդալգոն։

Փարիզի քաղաքապետն անդրադարձել է նաև Արցախի պատերազմում Թուրքիայի ու ջիհադիստ–ահբեկիչների ներգրավմանը։
«Թուրքիայի ներգրավումը հակամարտության մեջ, ցավոք, հայերի մոտ արթնացնում է ցեղասպանության հիշողությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում»,– ասել է նա։

Եվրոպայի խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել գնալ բանակցությունների

Փարիզի քաղաքապետը շեշտել է, որ Բաքուն այս հակամարտության մեջ ակնհայտորեն ագրեսոր է` իր մեջքին ունենալով Թուրքիայի աջակցությունը: Ուստի Ադրբեջանի ռազմաքաղաքական ռեժիմն, ըստ Անն Իդալգոի, շատ մեծ պատասխանատվություն է կրում:

Հիշեցնենք, որ երեկ Փարիզում ֆրանսահայ համայնքը բազմամարդ ակցիա էր կազմակերպել։ Մոտ 20 հազար մասնակիցներ նախ իրենց բողոքի ձայնը բարձրացրին Ֆրանսիայի խորհրդարանի դիմաց, ապա` Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ։