Կանադայի ԱԳ նախարարը կարևորել է զինադադարի վերահսկման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդնումը

Նախարար Մնացականյանն իր հերթին բարձր գնահատել է Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակներում կասեցնելու Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը:

ՀՀ և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են զինադադարի հարցը

Նախարար Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է Ադրբեջանի կողմից պատերազմի հանցագործությունների, այդ թվում Արցախի քաղաքացիական բնակչության և կենսապահովման ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման, կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային օբյեկտների հրետակոծման, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունը։

Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի համաձայնություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է ձեռքբերված պայմանավորվածությունների չիրականացման՝ Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Այստեղ են երկու գերի վերցրել, կամ ինչպես են ապրում զինծառայողները Արցախի առաջնագծում

Ողջունելով հոկտեմբերի 17-ին ձեռքբերված հումանիտար զինադադարը՝  նախարար Շամպայնն ընդգծել է վերջինիս պահպանման և կյանքի կոչման անհրաժեշտությունը, ինչպես նաև համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը: Կանադայի ԱԳ նախարարը, իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, ընդգծել է արտատարածաշրջանային դերակատարների՝ հակամարտությանը չմիջամտելու անհրաժեշտությունը:

Ադրբեջանցիները հայ զինծառայողին գլխատել ու լուսանկարը տեղադրել են համացանցում. ՀՀ ՄԻՊ

Նախարար Մնացականյանն իր հերթին բարձր գնահատել է Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակներում կասեցնելու Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը հնարավոր է հակազդել բացառապես միջազգային հանրության վճռական և գործուն ջանքերի միջոցով:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։