ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փախվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է պատերազմի աստվածներին. հրթիռահրետանային զորքերի օրն է այսօր:
«Շնորհավորում եմ մեր քաջ ու արհեստավարժ հրետանավորներին, որոնք թուրք-ադրբեջանահաբեկչական ագրեսիան հետ մղելու ընթացքում դիպուկ հարվածներով ոչնչացնում են թշնամուն և բազում հերոսություններ գործում»,–նկարներին կից գրել է Ավինյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 19–ը Հայաստանում նշվում է որպես հրթիռահրետանային զորքերի օր։
ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և Արցախի անվտանգության ապահովման գործում: Գրեթե բոլոր մարտական գործողություններն ուղեկցվում էին հրթիռահրետանային սպառազինության մասնագիտացված կիրառմամբ, ինչը որոշիչ դեր է խաղում ռազմաճակատի տարբեր հատվածներում հակառակորդի նկատմամբ կրակային առավելություն ստեղծելու գործում: Այսօր էլ արցախա–ադրբեջանական սահմանին հրետանին փայլուն իրանցնում է իր առջև դրված խնդիրը։
ՀՀ Զինված ուժերի հրթիռային զորքերը և հրետանին հանդիսանում են հակառակորդի կրակային խոցման հիմնական միջոցը: Ներկայումս ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին սպառազինված են մեծ հեռահարությամբ, գերճշգրիտ հրթիռային համալիրներով, համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ խոցելու հակառակորդի կարևորագույն օբյեկտները (նշանակետերը) պաշտպանության ամբողջ խորությամբ, բարձր արդյունավետությամբ խոցելու հակառակորդի ցանկացած զրահատեխնիկա պաշտպանության հեռավոր մատույցներում:
Մեծ ուշադրություն է դարձվում հրետանու կրակի սպասարկման նպատակով ռադիոտեխնիկական, օպտիկա-էլեկտրոնային հետախուզության համալիրների (սարքերի) և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը: