ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու բանաձև է ներկայացվել

Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու բանաձևում նշվում է, որ Թուրքիան ոչ միայն ներգրավված է Արցախի դեմ տարվող գործողություններում, այլ նաև ահաբեկիչներ է մատակարարում Ադրբեջանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ հանրապետական Թալսի Գաբարդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել բանաձև՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով։

Հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին. Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս-24»-ին

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում Անկարան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրում։ Ավելին, նշվում է, որ Արցախի դեմ կռվելու համար Թուրքիան ահաբեկիչներ է մատակարարում Ադրբեջանին, որոնք ասոցացվում են «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» հետ։

Անդրադարձ է կատարվել նաև թուրքական F-16 մարտական կործանիչին, որն Ադրբեջանը գործի է դրել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ուղղությամբ։

«Եվ Թուրքիան այս ամենն անում է այն դեպքում, երբ ՆԱՏՕ–ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով»,–գրված է ներկայացված բանաձևում։

Նախաձեռնության հեղինակները նշել են նաև, որ Կանադան որոշեց դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային` փաստելով նրա անմիջական ներգրավվածությունը ռազմական գործողություններին, ինչի առնչությամբ, սակայն, Թուրքիան իր դժգոհությունը հայտնեց` հղում անելով ՆԱՏՕ–ի շրջանակում երկրների միջև համաձայնություններին։

Թուրքիան հետաքրքրված է Ադրբեջանի բռնազավթմամբ. ՀՀ նախագահ

Հիշեցնենք, որ Թուրքիայի` ադրբեջանական ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար էլ ՀՀ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին նախագիծ է ներկայացվել հանրային քննարկման։ Ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և կգործի վեց ամիս ժամկետով, որն, ի դեպ, հնարավոր է հետագայում երկարաձգել։

«Կաշխատենք ինչ-որ ուղղություններով». Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին