Ոմանք ոչ հստակ դիրքորոշման ունեն. Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Բորելի հետ

ՀՀ արտգործնախարարը հայտնել է, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը և խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունը, չի հրաժարվում Արցախի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելու և հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտավարությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բաքուն անտեսում է Մինսկի խմբին. Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

«Մնացականյանն իր զրուցակցին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրել սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, այդ վայրագությունների հետևանքով մեծաթիվ տեղահանվածների մասին: Նախարարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի կողմից իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի և սպանությունների վրա»,– նշված է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի հաստատման շուրջ պայմանավորվածությանը և դրան հաջորդած իրավիճակին՝ ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին հայտնել է, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը և խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունը, չի հրաժարվում Արցախի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելու և հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտավարությունից:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչն էլ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար:

Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ հնարավոր են նաև զինադադարից հետո. Կազիմիրով

Մնացականյանը խոր մտահոգություն է հայտնել միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունն Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ ուղեկցվող ադրբեջանական ագրեսիայի շարունակման համար թողտվություն:

Զրուցակիցներն ընդգծել են կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։