Թշնամու ոչնչացված զրահատեխնիկան իսրայելական արտադրության է. Շուշան Ստեփանյան

Շուշան Ստեփանյանը ներկայացրել էր այն տեսանյութը, որտեղ երևում էր, թե ՀՀ ԶՈւ–ն ինչպես է ոչնչացնում ադրբեջանական զրահատեխնիկան և ավտոշարասյունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման տեսանյութում տեսանելի է, որ ոչնչացվածն իսրայելական Sandcat արտադրության է։ Հայաստանի ռազմական փորձագետներն են նկատել վերոնշյալը։ Տեղեկությունն իր Տելեգրամ–ալիքում տեղադրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հրապարակված լուսանկարներն ու ինֆորմացիան Ստեփանյանը նկարագրել է «կարևոր պահ» բառակապակցությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե հայկական ԶՈւ–ն ինչպես է ոչնչացնում թշնամու ավտոշարասյունն և զրահատեխնիկան։

Նշենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ պայմանավորված «զինադադարի» առաջին օրը Հայաստանի և Արցախի տարածքում խոցվել է թշնամու 9 ԱԹՍ։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։