Ստեփանակերտի երկնքում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք

Sputnik Արմենիայի թղթակիցը Ստեփանակետից հայտնում է, որ Արցախի մայրաքաղաքում պայթյունի երեք ձայն է լսվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երեք պայթյունի ձայն է լսվել։ Տեղեկությունը Ստեփանակերտից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։  Նա նաև նշում է, որ այդ ընթացքում Արցախի մայրաքաղաքում օդային տագնապի ազդանշան չի եղել։

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը հաստատեց Sputnik Արմենիայի տեղեկությունները, և հայտնեց, որ Ստեփանակերտի երկնքում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք:

Բաքուն կտրականապես մերժել է վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու միջնորդության փորձը

Նշենք, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հումանիտար հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև հրթիռահրետանային հարվածներ:

Առավոտյան ՊԲ–ն տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն տարածեց, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության։