ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտում սակրավորները շարունակում են վնասազերծել չպայթած ռումբերը։
«Սակրավորական ջոկատներն այժմ աշխատում են մի քանի ուղղություններով: Տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակիչների կանչերի»,– նշված է հայտարարության մեջ։
Տեղեկացվում է նաև, որ Արցախի պարետ Կարեն Սարգսյանը շրջայց է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում։
Նշենք, որ հոկտեմբերի 13–ի դրությամբ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերել ու վնասազերծել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։