Մինչև երեկո խոցվել է թշնամու 9 ԱԹՍ, որից 2-ը` ՀՀ տարածքում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ թեժ մարտերը հիմա էլ շարունակվում են, հատկապես` հարավային ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը դարձյալ չպահպանեց զինադադարի պայմանավորվածությունը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը։ Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դեռ վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով։ Սկզբից` հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին` որևէ հաջողություն չունենալով։ Նույն ժամանակ հարավային ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել։ Մեկ ուղղությամբ հստակորեն ընկնելով հայկական հրետանու կրակի տակ`փախուստի են դիմել, հետ են շպրտվել` կրելով զինտեխնիկայի ու մեծաքանակ զինամթերքի կորուստ»,– ասաց Հովհաննիսյանը։

Ստեփանակերտի երկնքում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք

Նա հաստատեց, որ հակառակորդը հարավային ուղղությամբ որոշակի առաջխաղացում ունի, բայց չցանկացավ մանրամասներ հայտնել բնագծերի, տեղանքների անունների վերաբերյալ։ Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ օրվա ընթացքում Ադրբեջանը դարձյալ կիրառել է օդային տարբեր միջոցներ, այդ թվում` ԱԹՍ–ներ։  «Այսօր մինչև 20։30–ը խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը` ՀՀ տարածքում»,– ասաց նա։

ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ թեժ մարտերը հիմա էլ շարունակվում են, հատկապես` հարավային ուղղությամբ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում