ՀՀ–ն դատապարտում է կողմնակալ հայտարարությունը, որը «կանաչ լույս» է տալիս Ադրբեջանին

Աննա Նաղդալյանը նշել է, որ Եվրոպական միությունը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այն հանցագործություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հոկտեմբերի 17-ին հրապարակել է  խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։ ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը դատապարտել է այդ հայտարարությունը։

Ադրբեջանի ԶՈւ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. Ստեփանյանը` Սու-25–ի մասին

«Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում և ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել և կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը»,– ասել է ԱԳՆ խոսնակը։

Նա նշել է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությունը սնում է ատելությամբ և հայատյացությամբ, ինչի դաժան դրսևորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և սպանությունների դրվագներ պարունակող տեսանյութերը, որոնք հպարտությամբ շրջանառվում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում։

«Անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից միջնորդավորված կրակի դադարի շուրջ պայմանավորվածությունները և կտրականապես մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որևէ հնարավորություն, որպեսզի շարունակի պատերազմը։ Եվրոպական միությունը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագործություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և անտեսել է Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները և Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը»,– ասել է Աննա Նաղդալյանը։

Արցախում ավերվել են դպրոցներ, մանկապարտեզներ, ուսանողներ են զոհվել. պատերազմի հետևանքները

ԱԳՆ խոսնակը շեշտել է` Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային սովորութային իրավունքի խախտումները։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։