ՀՀ–ն բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի Ադրբեջանին խաղաղության պարտադրելու համար. ԱԳՆ

Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik.ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Ադրբեջանին խաղաղության պարտադրելու և կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու համար։

Ադրբեջանը հարձակվել է ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով. ՊՆ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն այսօր առավոտյան հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում են ձեռնարկել հարավային ուղղությամբ: 

«Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ: Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝  տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ»,– նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։ 

Երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։