«Երրորդ անգամ շատ ավելի կոշտ է լինելու». Բաբայանը` հրադադարի ու Ռուսաստանի մասին

Արցախի նախագահի խորհրդական կարծում է, որ եթե այս անգամ էլ հակառակորդը չհարգի միջազգային հանրության ջանքերը և կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ համարի, ապա երրորդ անգամ շատ ավելի կոշտ և լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում միջազգային հանրության, առաջնահերթ` եղբայրական Ռուսաստանի ջանքերը` ուղղված արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը։

«Կարծում եմ` եթե հակառակորդն այս անգամ էլ չհարգի միջազգային հանրության ջանքերը և կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ համարի, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները երրորդ անգամ շատ ավելի կոշտ և լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը, քանի որ սա արդեն կլինի մարտահրավեր միջազգային հանրությանը։ Չեմ կարծում, որ երրորդ անգամ որոշ երկրներ կհանդուրժեն նման պահվածքը»,–ասաց նա։

Բաբայանը վստահեցրեց`Արցախում մարդիկ անկոտրուն են և հաստատակամ մինչև վերջ պայքարելու հարցում։

«Հույս ունենք, այս զինադադարն այնուամենայնիվ իր նպատակին կծառայի, բայց անկախ ամեն ինչից, մենք շատ լավ ենք ճանաչում հակառակորդին և գիտակցում` ում հետ գործ ունենք, հետևաբար մեր բանակը, զինված ուժերը շարունակելու են իրենց հերոսական, պատմական առաքելությունը մեր ժողովրդին և պետականությունը պահպանելու, փրկելու ուղղությամբ»,–ասաց նա։

Նա համոզված է, որ եթե միջազգային հանրության ջանքերը լինեին ավելի կոշտ և ժամանակին, միգուցե իրավիճակն այսքան չէր բարդանա։

Արցախի «հյուսիսային դարպասները». տեսանյութ առաջնագծից

«Կան միջազգային կազմակերպություններ, որոնք պարտավոր էին օպերատիվ և ավելի կոշտ արձագանքել, որովհետև նման պատերազմը նաև մարդասիրական ճգնաժամ է, քանի որ երկու կողմից էլ զոհեր կան։ Սա շատ ակնհայտ ձևով ցույց է տալիս, որ մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ, բայց մեր խաղաղության ու անվտանգության ամենակարևոր գրավականը ճիշտ աշխարհաքաղաքականությունն է, եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելը։ Այ սա կլինի ամենակարևոր  գրավականը և մեր անվտանգության և տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման ուղղությամբ։ Մենք պարտավոր ենք սրանից հետո բոլոր մակարդակներով հետևություններ անել»,– ասաց Բաբայանը։

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան հայտնել էր, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ տեղեկացրել էր, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։

Նշենք՝ երեկ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում