Էրդողանն ասել է` չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը. Փաշինյան

Իտալական «Կորիերե դելլա Սերա» պարբերականին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը նշել է, որ հենց Թուրքիան է խրախուսել Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա, և որ ադրբեջանցիներն օգտագործում են Սիրիայից բերված ջիհադիստ զինյալ– ահաբեկիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական ամենախոշոր թերթերից «Կորիերե դելլա Սերա»-ին, որտեղ արձանագրել է, որ հրադադարի բանակցությունների ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, որ չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը:

«Այս հակամարտությունը չէր սկսվի առանց Թուրքիայի միջամտության: Հենց Թուրքիան է խրախուսել Ադրբեջանին հարձակվել Արցախի վրա: Թուրքական զորքերը մասնակցում են հարձակումներին: Բայց ոչ միայն: Ադրբեջանցիներն օգտագործում են Սիրիայից բերված ջիհադիստ զինյալների: Նրանք թուրքերի կողմից ուղարկված ահաբեկիչներ են»,– ասել է Փաշինյանը։

Էրդողանը Հայաստանին զինելու մեղադրանք է ուղղել Մինսկի խմբի համանախագահ երկրներին

Վարչապետը նշել է, որ Թուրքիայի  և Ադրբեջանի նպատակը պարզ է` իրականացնել հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն։ «Ես հարցնում եմ ինքս ինձ և միջազգային հանրությանը` ի՞նչ տեսակի զինադադար կարող ենք կնքել այս ահաբեկիչների հետ: Մենք հարձակման ենք ենթարկվում, մենք պետք է պաշտպանվենք, ինչպես ցանկացած ազգ, որին ոչնչացում է սպառնում»,– ասել է նա:

Ռազմական գործողություններին վերջ տալու համար, ըստ Փաշինյանի, կա միայն մեկ միջոց`Արցախի՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի միջազգային ճանաչումը: Հակառակ դեպքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, քանի որ վերջին խոչընդոտն են թուրքերի՝ դեպի հյուսիս արևելք և հարավ արևելք ընդլայնման համար:

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին. Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս-24»-ին

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում