Բաբլոյանը կոչ է արել ամուր պահել ռազմական ու բժշկական ճակատները

Հակահամաճարակային վարքագիծն, Արա Բաբլոյանի խոսքով, այսօր առավել քան կարևոր է ռազմական ու բժշկական ճակատները չթուլացնելու, հաղթանակած պահելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Արաբկիր բժշկական համալիրի տնօրեն, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կոչ է արել  ամուր պահել ռազմական ու բժշկական ճակատները։

Հայաստանում մեկ օրում 14 մարդ է մահացել կորոնավիրուսից

«Խնդրում եմ, թույլ տվեք ասել նաև՝ պահանջում եմ, խստորեն պահպանեք հակահամաճարակային կանոնները, գնահատեք ձեր պատասխանատվության աստիճանն այս հարցում՝ ընդունելով, որ վիրավորներով գերծանրաբեռնված բժշկական կենտրոններում մեկ մահճակալ, մեկ թթվածնային սարք զբաղեցնելն այս օրերին ոչ միայն անցանկալի, այլև պարզապես անթույլատրելի է: Թույլ տվեք բժիշկներին կենտրոնանալ առավելապես մեր քաջարի զավակների կյանքերը փրկելու, նրանց առողջությունը վերականգնելու անգնահատելի գործին»,– ասված է բժշկական կենտրոնի Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

Բաբլոյանը կոչ է անում պահել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ, հաճախակի ախտահանել ձեռքերը և պահանջել նույնը ուրիշներից։

Այդ վարքագիծը, նրա խոսքով, առավել քան կարևոր է ռազմական ու բժշկական ճակատները չթուլացնելու, հաղթանակած պահելու համար։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1694–ով և դարձել 64694։