ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն անհիմն ու անհեթեթ է անվանել ԼՂՀ զենք մատակարարելու վերաբերյալ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները։ Կարապետյանը հիշեցրել է, որ ինքը միշտ տարածաշրջանում խաղաղության կոչով է հանդես եկել։
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ մեղադրել էր մեծահարուստ հայ գործարարներին (այդ թվում` Սամվել Կարապետյանին) քաղաքացիական ինքնաթիռներով ԼՂՀ հակամարտության գոտի զենք տեղափոխելու մեջ։
«Ադրբեջանի նախագահի մեղադրանքներն արմատապես անհիմն ու անհեթեթ են, նրա ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Մեծ մտավախություն է առաջացնում այն, որ նման հայտարարությունները հնչում են նման բարձր մակարդակով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես միշտ ԼՂՀ–ում խաղաղության կոչ եմ արել ինչպես խոսքերով, այնպես էլ գործերով», – ասել է գործարարը։
Նա հավելել է, որ եղել է նրանց թվում, ովքեր սոցիալական օբյեկտներ են կառուցել տարածաշրջանում։
«Ի դեպ, այդ մենք էինք կառուցում այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները, որոնք այսօր ռմբակոծում է ադրբեջանական բանակը` միևնույն ժամանակ չխնայելով խաղաղ բնակչությանը։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել իմ դիրքորոշումը. այս հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և Ռուսաստանի միջնորդությամբ», – ընդգծել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը։
Սամվել Կարապետյանը նաև հայտարարել է, որ շարունակելու է Հայաստանին օգնություն ցուցաբերել։
«Կցանկանայի հատուկ ընդգծել, որ ես միշտ եմ հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերել և մտադիր եմ հետագայում շարունակել բացառապես մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացումը տարածաշրջանում»,–շեշտել է նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում