ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Նախագիծն արդեն հանրային քննարկման է դրվել։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փաստ է` Թուրքիան Ադրբեջանին բացահայտորեն աջակցում ու սատարում է Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններում:
«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: Մեր տնտեսվարողների ու բնակչության որոշ մասն արդեն իսկ կամավոր կերպով արձագանքել են թուրքական ծագման ապրանքների նկատմամբ իրենց վերաբերմունքը՝ սահմանափակելով դրանց վաճառքը»,–նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Ի դեպ, թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում որևէ ապրանքի պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ էլ հենց տեղական արտադրության շնորհիվ:
Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ (21.6 մլն դոլար)։
Նախորդ տարի Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 128 մլրդ դրամի ապրանք։
Նշենք, որ որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և կգործի 6 ամիս ժամկետով: