ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Երևանում կազմակերպվել է բազմամարդ երթ դեպի դեսպանատներ` Արցախի անկախության ճանաչման պահանջով։
«Մենք պետք է ստիպենք ճանաչել Արցախի անկախությունը, ինքնորոշման իրավունքը, որպեսզի կանգնեցնենք այս նոր ցեղասպանությունը»,– երթի մեկնարկին հայտարարեցին ակցիայի կազակերպիչները։
Առաջին կանգառը Հայաստանում Հունաստանի դեսպանատունն էր։ Երթի մասնակիցները փաստեցին, որ հույն ժողովուրդը լավ է հասկանում ու կիսում հայերի ցավը, քանի որ ինքն էլ է ցեղասպանության ենթարկվել թուրքերի կողմից։
Հայաստանում Սիրիայի դեսպանատան առաջ ցուցարարները շնորհակալություն հայտնեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին այն բանի համար, որ նա ուղիղ տեքստով հայտարարել էր, որ Սիրիայի տարածքից ահաբեկիչները տեղափոխվում են Արցախ։
«Շնորհակալ ենք, որ Սիրիայի նախագահը բացել է իր աչքերը, ականջները և ուղիղ տեքստով ասում է, որ այն նույն ահաբեկիչները, որոնք իր ժողովրդի վրա էին հարձակվել, հիմա էլ հարձակվում են Արցախի ժողովրդի համար։ Մենք կոչ ենք անում պարոն Ասադին շարունակել ճշմարտության ուղին ու հաջորդ քայլով ճանաչել Արցախի անկախությունը»,– ասացին ակցիայի մասնակիցները։
Իսկ Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ թուրք–ադրբեջանական միության ու ահաբեկիչների սանձազերծած պատերազմը չի մնալու Արցախի ու Հայաստանի սահմաններում, այլ հասնելու է մինչև Չինաստան։ Հետևաբար, վաղվա վտանգն այսօր կանխելու համար ցուցարարները կոչ արեցին Պեկինին «քանի դեռ ուշ չէ, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում