ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում այսօր ծնվել է Արցախի Տող գյուղի բնակչուհի Իրանա Ստեփանյանի 4-րդ երեխան` Վերոնիկան: Տեղեկությունը հայտնել է բժշկակակն կենտրոնի Facebook–յան էջը։
«Վերոնիկայի մայրը` Իրինան, հուզված էր, որովհետև ամուսինն առաջնագծում է, իսկ 12 հոգուց բաղկացած ընտանիքը Երևանում սպասում է նրա վերադարձին։ 3000 գրամ քաշով ու 48սմ հասակով գեղեցկուհու լույս աշխարհ գալուն օգնել է մանկաբարձ֊գինեկոլոգ Անահիտ Սիրունյանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարում Վերոնիկան դժգոհ քնած է։ Ինչու՞։ Երևի զգացել է, որ իր հարազատ գյուղը՝ Տողը հրետակոծել են։ Բայց հոգ չէ, որովհետև մենք բոլորս կառուցելու ենք, շենացնելու ու հաղթելու ենք մեր երկիրը` անկախ թշնամու ցանկության։
«Շնորհակալություն բուժաշխատողներին՝ թիկունքի սպիտակ զինվորներին »,–ասված է հաղորդագրության մեջ։
Վերջում օգտագործվել է #արցախցի_փոքրիկ_հերոսները, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ եհշթեգերը։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։