«Գնում եմ մեր սահմանները անառիկ պահող տղաների մոտ». Տավուշի թեմի առաջնորդը մեկնում է Արցախ

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կվերադառնա, երբ լսի խաղաղության մասին լուրը։ Նա օրհնություն է ստացել Վեհափառից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մեկնում է Արցախ` կանգնելու հայ զինվորների կողքին։ Այդ մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան գրառումից։

«Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ։ Կվերադառնամ, երբ խաղաղության մասին լուրը լսեմ։ Մեկնում եմ մեր սահմանները անառիկ պահող մեր քաջարի տղաների մոտ, որոնք հաստատում և վերահաստատում են մեր արժանապատիվ կյանքի, գոյության իրավունքը այս աշխարհում: Ես աղոթում եմ, որ մեր հերոս տղաների բազուկը երբեք ու երբեք չդողա, որպեսզի անընդհատ կարողանան ոչնչացնել չարիքը և չարի ուժերը, ինչպես որ պատվիրում է մեզ Տերը»,–ասել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում