Պարտադրված պատերազմն ու աշխարհի լռությունը, կամ ինչպես ապացուցել այն, ինչ ակնհայտ է

Եկեք անկեղծ լինենք։ Երբ հայկական կողմը պնդում է, թե ադրբեջանցիները հարվածներ են հասցնում նաև Հայաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին, Բաքուն միշտ հերքում է, պնդելով, թե նման բան չկա։
Sputnik

Իր հերթին սա հիմք է տալիս այն երկրներին, որոնք զենք են մատակարարում Ադրբեջանին, արդարանալու, թե իսկ ի՞նչ արտառոց բան կա՝ սա սովորական բիզնես է, սպառազինություն ենք վաճառում, որն օգտագործվում է պաշտպանության նպատակով։ Ի դեպ, 90-ականների առաջին կեսին էլ Բաքուն պնդում էր, թե Հայաստանի հետ գործ չունի, իրեն միայն Լեռնային Ղարաբաղն է հետաքրքրում, սակայն, համաձայնեք, այն ժամանակ իրավիճակը բոլորովին այլ էր, ու Երևանն էլ ցանկանում էր միջազգային հանրությանը համոզել, թե Հայաստանը ղարաբաղաադրբեջանական հակամարտությանը չի մասնակցում։ Միգուցե ճիշտ էինք անում, չեմ պատրասվում վիճել, մանավանդ, որ դա այլևս կարևոր չէ։

Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում

Բոլոր դեպքերում` այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է։ Մենք դարձել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, նաև հայտարարել ենք, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, 2016-ի քառօրյա պատերազմից հետո էլ ուզում էինք Արցախի հետ ռազմաքաղաքական համաձայնագիր կնքել, այդպես էլ չարեցինք, բայց, ճիշտն ասած, այնքան էլ պարզ չէ, թե ինչ դեր պիտի խաղար այդ պայմանագիրը, եթե միևնույն է` այդ այսպես կոչված ռազմաքաղաքական համագործակցությունն ամեն օր իրապես տեսնում ենք ռազմաճակատում։

Էստեղ երկու սկզբունքային հարց կա։ Երկուսն էլ բավական նուրբ են և պայմանավորված չեն մեզնից կախված գործոններով։ Մեկը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է, ինչի կոչերն այս վերջին օրերին անընդհատ հնչում են Երևանից՝ ամենաբարձր մակարդակով։ Փաստենք՝ աշխարհի տարբեր պետությունների այն համայնքներում, որտեղ հայերն ակտիվ են ու կազմակերպված, Արցախի անկախության ճանաչման գործընթացը կամ վաղուց է սկսվել, կամ էլ հիմա մեկնարկում է։

Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»

Բայց ախր խոսքն ընդամենը առանձին քաղաքների, նահանգների ու մարզերի մասին է։ Պարզապես հիշեցնեմ՝ դեռ 8 տարի առաջ ի պաշտպանություն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման` բանաձև է ընդունել Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր հարավային Ուելսի պառլամենտը։

Հայ-ադրբեջանական պատերազմ. Ռուսաստանի երեք տարբերակները

Նման փաստաթղթեր են ընդունել նաև ամերիկյան մի քանի նահանգների տեղական խորհրդարանները։ Այլ երկներում էլ օրինակներ կան։ Համաձայնեք՝ շատ լավ է, բայց սա բնավ Արցախի միջազգային ճանաչում չէ։ Պետությունները պիտի ճանաչեն, որպեսզի ես համարվեմ իրենց հետ հավասար պետություն։

Պատերազմական այս օրերին արծարծվող երկրորդ սկզբունքային հարցը՝ արդյո՞ք Ադրբեջանը հարվածներ է հասցնում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքին։ Այո՛, պնդում են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք հիմա գտնվում են ոչ միայն Ստեփանակերտում, այլև Հայաստանի սահմանամերձ շրջաններում։ Չեմ ուզում վկայակոչել հայաստանյան աղբյուրները, որոնք կարող են կողմնակալ ընկալվել։ Լսենք բրիտանական BBC հեռուստառադիոկայանի մեկնաբանությունը։ Մեջբերեմ։

«Մեր թղթակիցները, որոնք եղել են Հայաստանի Վարդենիս քաղաքի մերձակայքում, համոզվել են, որ ադրբեջանցի զինվորականները շատ հաճախ ռեբակոծում են հենց Հայաստանի, այլ ոչ թե հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքը։ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը BBC-ի թղթակիցներին պատմել է, որ տուժել են երկու քաղաքացիներ, որոնցից մեկը՝ 14-ամյա Նարեկ Արզոյանը, երևանյան հիվանդանոց է տեղափոխվել բեկորային վնասվածքներով»։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, կամ Արթուր Քլարկի իրականացած ու չիրականացած կանխատեսումները

BBC-ն շարունակում է. «Ադրբեջանցիների արձակած արկերից մեկը դիպել էր այն տանը, որտեղ քնած էր Գևորգ Վարդանյանը։ Նա զոհվել է, տունն էլ ավերակների է վերածվել»։

Եվ բրիտանացի լրագրողների վերջին դիտարկումը. «Արկերի հետքեր կային նաև այն հանդերում, որտեղ արածում էին կովերը, նաև կարտոֆիլի դաշտերում, որտեղ տեղացիները բերքն էին հավաքում։ Հարցրեցինք՝ Բա լավ, այստեղ ո՞ւմ վրա էին կրակում։ Գյուղացիներից մեկը ուսերը թոթվեց ու ասաց՝ չգիտեմ, միգուցե գյուղին էին ուզում խփել և այսքան վրիպեցին։

Արդյոք դրոններն օգնել են Ադրբեջանին, կամ ինչպես խաբել հակառակորդին և պաշտպանվել ԱԹՍ–ներից