Թուրքիան 20 րոպե երկնքում է պահել Հունաստանի կառավարական ինքնաթիռը

Ինքնաթիռը ստիպված է եղել նվազեցնել բարձրությունն ու պտույտներ կատարել, մինչև խնդիրը կարգավորվի։ Միևնույն ժամանակ վառելիքի սպառման վտանգ է առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik.  Թուրքիայի իշխանությունը 20 րոպե թույլ չի տվել, որ  Հունաստանի կառավարական ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ERT հունական հանրային հեռուստատեսությանը։

Հունաստանը նույնպես ողջունում է հումանիտար հրադադարը և ավելին «պահանջում»

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ Թուրքիայի իշխանությունը, չնայած նախապես տված համաձայնությանը, հրաժարվել էր թույլատրել թռչել թուրք–իրաքյան սահմանի վրայով։

Օդանավում եղել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, որը Աթենք էր վերադառնում, հայտնում է ERT հունական հանրային հեռուստատեսությունը։

«Այս գործողությունը դուրս  է բարիդրացիականության հասկացությունից և խախտում է դիվանագիտական ​​վարքագծի կանոնները», – նշում է հեռուստաալիքը։

22 տարվա ընթացքում սա Հունաստանի արտգործնախարարի իրաքյան առաջին այցն էր։

Թուրքիան մասնակցում է արցախյան հակամարտությանը. Հունաստանի արտգործնախարար

«Թուրքիայի իշխանությունները տեղեկացված են եղել VIP չվերթի մասին և թույլատրել էին թռիչքը, սակայն սահմանին մոտենալու ժամանակ մտքափոխվել են։ Ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ են սկսվել, ինքնաթիռը ստիպված է եղել նվազեցնել բարձրությունը և շրջապտույտներ կատարել, մինչև խնդիրը կարգավորվի։ Միևնույն ժամանակ վառելիքի սպառման վտանգ է առաջացել», – հայտնում է ERT։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Աթենքի մերձակայքում` Էլևսին օդանավակայանում կեսգիշերին մոտ։

Վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները ծայրաստիճան սրվել են ծովային գոտիների սահմանազատման շուրջ սկսված վեճերի պատճառով: