ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է մանրամասներ այն մասին, թե ինչպես է երեկ Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքում ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 14-ամյա երեխան ծանր վիրավորում ստացել։ Facebook-ի իր պաշտոնական էջում Թաթոյանը գրառում է կատարել՝ նշելով, որ դեպքից անմիջապես հետո իր հանձնարարությամբ արագ արձանագանքման հատուկ խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով մեկնել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել էր վիրավորում ստացած տղան։
Երեխայի, նրա հոր, բժշկական անձնակազմի և համայնքի ղեկավարի հետ ունեցած առանձնազրույցների արդյունքում մի շարք հանգամանքներ են հայտնի դարձել։
«Պարզվել է, որ հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան վիրավորում ստացած 14-ամյա երեխան իր 16 տարեկան հարազատ եղբոր, ինչպես նաև հոր հետ միասին նույն օրը գնացել է իրենց ընտանիքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություն՝ սեզոնային բերքահավաք իրականացնելու: Դրանից հետո կարճ ժամանակ անց լսել են ԱԹՍ-ների ձայներ: Այդ ձայները լսելուն պես վիրավորում ստացած երեխան և իր ընտանիքի մյուս անդամները փորձել են փախչել ԱԹՍ-ի հարվածից: Դրանից գրեթե անմիջապես հետո ԱԹՍ-ը հարվածել է հենց այն նույն վայրում, որտեղ իրենք եղել են կանգնած»,- նշված է ՄԻՊ գրառման մեջ:
Ընդգծվում է՝ այս փաստը հատկապես հաստատում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու և կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը:
Պաշտպանը նշում է, որ Գեղարքունիքի մարզում ներկայում բերքահավաքի աշխատանքներ են, և դրանք յուրաքանչյուր ընտանիքի համար կենսական կարևորություն ունեն, քանի որ հաճախ ընտանիքի եկամտի գլխավոր աղբյուրն են։ ԱԹՍ-ի հարվածները եղել են գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածության անմիջական ուղղությամբ, որտեղ հարձակման պահին կարտոֆիլի բերքահավաք իրականացնելու նպատակով եղել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:
«Ուշադրության է արժանի նաև այն, որ ինչպես նշել է վիրավորում ստացած երեխան, ինքն ու ավագ եղբայրը, ինչպես նաև իրենց համայնքի մյուս երեխաները Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական ռամզաօդային հրթիռակոծումների պատճառով զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից, քանի որ Վարդենիս քաղաքի և հարակից համայնքների դպրոցները ԱԹՍ-ների կողմից թիրախավորվում են, ուստի ժամանակավորապես չեն գործում»,- նշված է գրառման մեջ:
Վարդենիսի տարածաշրջանում հակառակորդի 7 ԱԹՍ է խոցվել. Շուշան Ստեփանյան
Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի տարբերակում չդնող հարձակումները, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտումների ու միջազգային իրավունքի հիմնարար պահանջների բացարձակ անտեսման:
«Մարդու իրավունքների, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն այս դեպքերին պատշաճ իրավական գնահատական տալու, ինչպես նաև հետագայում դրանք բացառելու նպատակով»,- շեշտում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ու հավելում, որ երեխաների նկատմամբ չտարբերակված և հաճախ թիրախավորված հարձակումները պետք է խստագույնս դատապարտվեն միջազգային հանրության կողմից:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ էին հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին, ինչի հետևանքով 14-ամյա երեխա է վիրավորվել։
Թուրքիան Արցախում սրում է իրավիճակը, ինչը չափազանց վտանգավոր է հենց Ալիևի համար. Սիվկով
Տղան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Նա վերակենդանացման բաժնում է։ Երեխայի մոտ առկա են աջակողմյան պնևմոթորաքս, ձախակողմյան թափանցող հեմոպնևմոթորաքս, որովայնի բութ վնասվածք, փայծաղի սուբկապսուլյար հեմատոմա, ինչպես նաև աջակողմյան հյուսվածքում առկա է բեկոր: