Էլ չեմ ասում, որ 90-ականների պատերազմի ժամանակ հայկական դիրքերն ու բնակավայրերը ռմբակոծող ինքնաթիռների ղեկին օտարերկրյա քաղաքացիներ էին նստած։ Հիշում եմ՝ այդ խփված ինքնաթիռներից մեկի օդաչուն փրկվեց, բայց բավական երկար ժամանակ մնաց Լեռնային Ղարաբաղի մեկուսարաններից մեկում։
Ուզում եմ պարզապես մեջբերել պաշտոնական մի հաղորդագրություն, որը կարող եք գտնել Արցախի արտգործնախարարության ինտերնետային էջում։ Մեջբերեմ։ «1992 թվականի հուլիսի դրությամբ ղարաբաղյան ճակատում ադրբեջանական ուժերի կազմում արդեն իսկ ընդգրկված էր մոտ 300 չեչեն զինյալ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի դեմ մի քանի ամիս մղված մարտերում կրելով զգալի կորուստներ, այդ թվում տալով գերիներ, չեչենական ջոկատների մեծ մասը լքեց ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմը և վերադարձավ Չեչնիա։ Միևնույն ժամանակ Ստեփանակերտ ժամանեցին Չեչնիայի ներկայացուցիչները՝ գերեվարված չեչեն զինյալներին ազատելու նպատակով ԼՂՀ իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար, որոնց արդյունքներով գերիների հանձնման մասին համաձայնություն ձեռք բերվեց»։
Ավելացնեմ՝ չեչեն հրամանատար Շամիլ Բասաևը մի առիթով խոստովանել էր՝ այս խոստովանությունն էլ կարող եք գտնել «Յութուբում»։ Կրկին մեջբերեմ՝ «Մենք եկանք Ղարաբաղ կռվելու ոչ թե ավարի, այլ Ջիհադի գաղափարի համար: Սակայն, տեղ հասնելով և իրավիճակը տեսնելով, հասկացանք, որ այնտեղ չկա Ջիհադի և ոչ մի նշան»։
Ադրբեջանը վարձկանների հետ աշխատում էր դեռ 90–ականներից. Հարությունյանը ապացույցներ ուներ
Բայց դառնանք մեր օրերին, այժմ ընթացող պատերազմին։ Մեծ թվով օտարերկրացի կամավորներ են կռվում ադրբեջանական կողմից, որոշ տվյալներով՝ մի քանի հազար։ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն սա հերքում են, այլև հակադարձում՝ Հայաստանի կողմից են կռվում Սիրիայից եկածները։ Համաձայնեք, բավական խորամանկ հայտարարություն է, բայց նույնքան էլ պարզունակ, պրիմիտիվ։ Այո, սիրիական հայտնի դեպքերի պատճառով մի քանի տարի առաջ Հայաստան ու Արցախ է եկել ավելի քան 15 հազար սիրիահայ։ Բա լավ, եթե տեսնում են, որ հայրենիքը վտանգված է, չպաշտպանե՞ն իրենց հայրենիքը։
Հիմա Ադրբեջանի կողմից կռվող կամավորների, իսկ ավելի ճիշտ՝ վարձկանների մասին, որոնք բերվել են Թուրքիայի ջանքերով ու փողերով։ Էնպես չի, որ ադրբեջանցիներն ու թուրքերը ընդամենը վերջերս հասկացան, որ այսպես կոչված բլիցկրիգը, այսինքն հայկական դիրքերը շատ արագ ճեղքելու և մինչև թիկունք հասնելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին, ինչից հետո որոշեցին ներգրավել վարձկանների ուժերը։ «Գարդիան» լոնդոնյան թերթը զրուցել է սիրիացի երեք զինյալների հետ, որոնք խոստովանել են, որ դեռ սեպտեմբերի 13-ին թուրքական ընկերություններից մեկը իրենց առաջարկել է մեկնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտի։ Ուշադրություն դարձրեք՝ սեպտեմբերի 13-ին, այնինչ ակտիվ ռազմական գործողությունները, ինչպես գիտենք, սկսվել են սեպտեմբերի 27-ին։
Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են։ Արևմտյան բազմաթիվ լրատվամիջոցներ այս ընթացքում զրուցել են վարձկանների հետ, որոնք գանգատվել են՝ ախր մեզ ասել են, որ պարզապես թիկունքում ինչ-որ պահեստներ ենք հսկելու, այնինչ պարզվեց, որ մեզ առաջնագիծ են ուղարկել, որտեղ պիտի կռվենք ինչ-որ անծանոթ հակառակորդի դեմ։
Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ «Թայմս» բրիտանական թերթի թղթակիցը հարցազրույց է վերցրել, այսպես կոչված, Սիրիական ազգային բանակի ներկայացուցչից, որը նույնիսկ չի էլ ցանկացել թաքցնել իր անունը և պատմել է. «Ինձ և իմ 200 ընկերներին հավաքագրել են թուրքերը։ Նրանք մեզ չեն պարտադրել։ Պարզապես թուրքերը վերահսկում են այն շրջանները, որտեղ մենք ապրում ենք և հրաշալի գիտեն, որ մենք շատ վատ վիճակում ենք՝ կիսասոված ենք ապրում, փողի կարիք ունենք»։
Իսկ «Վաշինգտոն փոստ» ամերիկյան թերթն այսօր հայտնում է. «Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ռազմական բախումների ընթացքում զոհվել է սիրիացի 52 վարձկան։ Հոկտեմբերի սկզբին զոհվածների մարմինները հարազատներին են փոխանցվել Սիրիայի և Թուրքիայի սահմանակետում»։