Պոմպեոն հուսով է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանից

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ հակամարտությունը պետք է լուծվի առանց ռազմական բախումների և առավել ևս առանց երրորդ երկրների մասնակցության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն WSB հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Վաշինգտոնը հուսով է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Լեռնային Ղարաբաղում։

Ես կցանկանայի վերջնականապես հանգուցալուծել Ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

Նրա խոսքով` հակամարտությանը միջամտել է Թուրքիան, որը ռեսուրսներ է տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով Ղարաբաղում բախումների սրությունը։

Հարցը պետք է լուծվի բանակցությունների և խաղաղ քննարկումների, ոչ թե ռազմական բախումների միջոցով, առավել ևս առանց երրորդ երկրների մասնակցության։ «Որովհետև հակամարտությունն առանց այդ էլ վառոդի տակառ է հիշեցնում,– հավելել է նա ու շեշտել,– դա վտանգավոր է։

Պոմպեոն հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան բանակցություններ սկսել։

«Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենի դեմ, ինչ անում են ադրբեջանցիները, և որ բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ ու կփորձեն հարթել այդ բարդ խնդիրը», - ասել է նա:

Ի դեպ, երեկ՝ Արցախում ծավալված ռազմական գործողությունների 18-րդ օրը, պետքարտուղար Պոմպեոն հայտարարել էր, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին՝ այնտեղ զենք մատակարարելով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը