Հայ գերիներին սպանել են հենց Հադրութում. հայտնի է նրանց ինքնությունը

Մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են գերեվարել և սպանել երկու տղամարդու, փաստորեն, նկարվել է Հադրութում` Արթուր Մկրտչյան փողոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում Արցախի երկու բնակիչներին դաժանաբար սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայողները կրակահերթեր արձակում անզեն և անպաշտպան մեկ տարեց և մեկ երիտասարդ անձանց ուղղությամբ՝ առանձնակի դաժանության ցուցաբերմամբ շարունակելով կրակել նաև նրանց վայր ընկած մարմինների վրա: Սպանություն կատարելու դեպքի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրգործ (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։)

Ադրբեջանի գործելաոճն անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ. ՄԻՊ

Աբրահամյանը հայտնել է նաև, որ պարզվել է սպանված երկու բնակիչների ինքնությունը։  «Պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձինք եղել են Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ն և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ն»,– Facebook սոցացնցի իր էջում գրել է Աբրահամյանը։

Նա տեղեկացրել է, որ վերոհիշյալ երկու անձանց սպանել են Ադրբեջանի դիվերսիոն խմբի զինծառայողները` Հադրութ ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում:

Հիշեցնենք, որ սոցցանցերում այսօր ակտիվորեն շրջանառվում էր հայ գերիների սպանության տեսանյութը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր հերքում` ասելով, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է: Տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

Թուրքիայի պատճառով օդում «գերի մնացած» նախարարը կգա Հայաստան