Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարի իրացումը. ԱԳ նախարար

Թուրքիայի և ահաբեկիչ զինյալների աջակցությամբ պատերազմն ընդդեմ Արցախի շարունակվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունից հինգ օր անց Ադրբեջանը շարունակում է չպահպանել կրակի դադարեցման պայմանները։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը գրառում է արել Twitter-ի իր ի միկրոբլոգում՝ նշելով, որ լայմանասշտաբ պատերազմն ընդդեմ Արցախի շարունակվում է։

«Կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունից հինգ օր անց Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել դրա իրացումը: Թուրքիայի և ահաբեկիչ զինյալների աջակցությամբ և անմիջական ներգրավմամբ նրանք շարունակում են լայնամասշտաբ պատերազմն ընդդեմ Արցախի»,- գրել է նա։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ բանակցություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ էր պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Կրեմլը կարևորում է Ղարաբաղում հումանիտար հրադադարի պահպանումը

Չնայած դրան, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը