ԱԱԾ–ն հորդորում է զերծ մնալ խուճապ պարունակող հրապարակումներից

Ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ հիմա պետք է լայնորեն լուսաբանել քաջարի հայորդիների փառահեղ սխրագործությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերով հասարակությանն առավել ընկճող, հայրենիքի պաշտպանության ընթացքում հավերժ հերոսացած մեր հայրենակիցների ընտանիքների հույզերը վեր հանող, ինչպես նաև անհանգստություն, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց:

«Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ հիշյալ հրապարակումները կարող են իրենց բացասական ազդակները հաղորդել հասարակության լայն շերտերին՝ անցանկալի բարոյահոգեբանական հետևանքներ ունենալով ինչպես առաջնագծում, այնպես էլ վերջինիս թիկունքն ամուր պահող հայ ընտանիքներում»,– նշված է ԱԱԾ–ի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելին, ռազմական գործողությունների այս պահերին, անհրաժեշտ է լայնորեն լուսաբանել քաջարի հայորդիների փառահեղ սխրագործություններն ու նրանց անսահման հայրենասիրության լավագույն դրսևորումները՝ բացառապես հիմք ընդունելով պաշտոնական լրահոսում առկա համանման տեղեկությունները:

Շրջափակումից դուրս են եկել և մեծ կորուստներ պատճառել թշնամուն. հերոս տղաների մասին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը