ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում կատարված հանցագործությունների մասով ՀՀ զինդատախազությունը մշտական կապի մեջ է օտարերկրյա գործընկերների հետ։ Տեղեկությունը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը։
Մասնավորաբար ՀՀ-ն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի և Իրանի դատախազությունների հետ։ Նրանց փոխանցվել են այն փաստերն ու ապացույցները, որոնք այս պահին ՀՀ ձեռքի տակ են։
Քրեական գործերով արդեն իսկ հաստատված է այն հանգամանքը, որ վարձկաններ կան Ադրբեջանի ԶՈւ կազմում։
«Ամենօրյա աշխատանքային գրաֆիկով փորձում ենք հնարավորինս անել, որպեսզի կանխարգելվի այդ վարձկանների ներթափանցումը, աշխատանքներ են տարվում նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և հետագա միջոցառումներ կատարելու ուղղությամբ»,- նշեց Հարությունյանը։
Արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Սիրիայից և Լիբիայից վարձկան գրոհայիններ են տեղափոխվում Ադրբեջան` Արցախի պաշտպանության բանակի դեմ կռվելու համար: Վարձկաններին հակամարտության գոտի է ուղարկում Թուրքիան։
Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները: Ընդ որում` Ֆրանսիան և Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով են մտահոգություն հայտնել այդ թեմայով։