Հերթը հասավ ինձ, իբր ես հօդս եմ ցնդել. կապիտանն անձամբ է հերքում ադրբեջանցիների սուտը

Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են կապիտան Սանամյանի մահվան լուրը` ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում հերքել է ադրբեջանցիների տարածած հերթական ապատեղեկատվությունը` կից ներկայացնելով «Զինուժ մեդիայի» պատրաստած տեսանյութը։

Ո՞վ է ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, ինչի համար է պարգևատրել

Նա նշել է, որ ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, և այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։

Այնինչ «Զինուժ մեդիան» քիչ առաջ ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում զրուցել է կապիտան Սանամյանի հետ։

«Հերթական անգամ հերթը հասավ ինձ, իբր ես հօդս եմ ցնդել։ Իրենց պատճառով ես պիտի բանուգործ թողնեմ–գամ, որ իրենք տեսնեն` ողջ եմ։ Ողջ կամ, ողջ էլ լինելու եմ։ Կուզեմ` իրենց ոչխար զորքին փոխանցեն, որ մենք դեռ շատ կհանդիպենք։ Մի՛ ուրախացեք։ Не дождетесь!»,-ասում է նա տեսանյութում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել. ևս 199 զինծառայող պարգևատրվել են

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը