Ոչ թե խաղաղապահներ, այլ դիտորդներ. Լավրովը` Արցախի հարցի լուծման մասին

Հարցին, թե խոսքը ռո՞ւս դիտորդների մասին է` Լավրովը պատասխանեց` ճիշտ կլիներ, եթե ռուսները լինեին, սակայն վերջնական որոշման պետք է երկու կողմերը հանգեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ճիշտ է համարում, որ Ղարաբաղում ռուս դիտորդներն իրավիճակը հսկեն։ Նա նման կարծիք հայտնեց Sputnik–ի և մյուս ռադիոընկերությունների հետ զրույցում` անդրադառնալով Ղարաբաղյան հարցի լուծմանը։

«Կարծում եմ, որ այս պահին բավարար կլիներ, որ Ղարաբաղում լինեին ռազմական դիտորդներ, ոչ թե խաղաղապահներ»,–ասաց Լավրովը։

Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել են Թուրքիան և նախագահ Ալիևը. Լավրով

Հարցին, թե խոսքը ռո՞ւս դիտորդների մասին է` Լավրովը պատասխանեց` ճիշտ կլիներ, եթե ռուսները լինեին, սակայն վերջնական որոշման պետք է երկու կողմերը հանգեն։

Լավրովը նշել է, որ առաջին փուլում, բացի երկու շրջաններից զորքերի հետ քաշումից, պետք է վերականգնվեն հաղորդակցությունները, տնտեսական կապերը, տրանսպորտային շփումները և տեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեին մարտական գործողությունների չվերսկսումը:

Դա անիրականանալի չէ. այդպես էր և՛ Մերձդնեստրում, և՛ Դոնբասում։ Այդպես է եղել նաև 1994 թվականին Ղարաբաղում, երբ կրակի դադարեցման մասին հայտարարությունն ուղեկցվում էր զինվորականների գծով ձեռք բերված հստակ պայմանավորվածությամբ, թե ինչպես դա կարտահայտվի հողի վրա։

Լավրովը կարծում է, որ Ղարաբաղյան հարցի քաղաքական կարգավորումը հնարավոր է և պետք է ընթանա պայմանավորվածությունների իրականացմանը զուգահեռ։

Նրա խոսքով` անհրաժեշտ է համաձայնեցնել հրադադարի վերահսկողության մեխանիզմը, որը դեռևս ոչ ոք չի սկսել քննարկել: Այդ առնչությամբ Լավրովն արդեն իսկ համապատասխան ազդակներ է ուղարկել երկու կողմերին` կես ժամ առաջ, երբ իրեն զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ «Նույնպիսի ազդանշան ենք ուղարկում նաև մեր հայ գործընկերներին։ Սա է կրակի դադարեցման բանալին»,–ասաց նա։

Լավրովի խոսքով` ցանկացած հակամարտության պարագայում, երբ քաղաքական գործիչներն ու դիվանագետները հայտարարում են կրակի դադարեցման պայմանավորվածության մասին, ապա անմիջապես զինված ուժերը համաձայնեցնում են, թե կոնկրետ ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն դրա համար, ով օբյեկտիվորեն պետք է հետևի, թե ինչպես է պահպանվում հրադադարի ռեժիմը երկու կողմերից էլ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը