ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին Ադրբեջանին միակողմանի աջակցությունն է ու տարածաշրջանն ահաբեկիչներով լցնելը։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Կարծո՞ւմ եք` Թուրքիան կարող է ինչ-որ դերակատարություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է դա լինել։ Թուրքիան արդեն հիմա ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում, սակայն դա արտահայտվում է Հարավային Կովկասն ապակայունացնելով` Ադրբեջանի ագրեսիային միակողմանի աջակցությամբ և տարածաշրջանում ահաբեկիչ գրոհայինների ներդրմամբ ։
«Մեզ նման ակտիվ մասնակցությունը բացարձակապես պետք չէ, մենք բացարձակապես չենք կարող ընդունել նման քայլերը կամ առավել ևս ողջունել դրանք», - հայտարարել է Մնացականյանը:
Նշենք, որ երեկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ համաձայն սիրիական աղբյուրի` առաջիկա օրերին Թուրքիան 400 -ից ավելի սիրիացի ահաբեկիչներ է պատրաստվում Ադրբեջան ուղարկել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։ Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը
Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունը, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։ Ֆրանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության գոտում ընթացող մարտական գործողություններում սիրիացի զինյալների ներգրավվածության վերաբերյալ։