Բաքուն բողոքել է Արցախին օգնելու համար բացված ֆոնդի դեմ. «Սբերբանկի» պատասխանը

Սբերբանկից նշել են, որ հաճախորդների կողմից իրականացվող գործարքների մոնիթորինգն իրականացվում է «փողերի լվացման դեմ» օրենսդրությանը համապատասխան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. «Սբերբանկը» քաղաքական նպատակներով և քաղաքական գործունեությանը մասնակցելու համար առևտրային կազմակերպություններին, կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին օգնություն չի ցուցաբերում։ Նման հայտարարություն է արել կազմակերպությունը` մեկնաբանելով Ադրբեջանի ԿԲ-ի բողոքն այն մասին, թե իբր բանկը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի համար օգնություն հավաքելուն։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հույները 100 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին ու տապալել ադրբեջանական կայքը

Ադրբեջանի կենտրոնական բանկն ավելի վաղ հայտնել էր, որ դիտարկման ընթացքում բացահայտել է, որ ռուսական «Սբերբանկը» մասնակցում է  Լեռնային Ղարաբաղի համար օգնության հավաքագրման գործընթացին: Մասնավորապես, պարզվել է, որ օգնությունն իրականացվում է Սբերբանկում բացված թղթակցային հաշիվների միջոցով (տարբեր արժույթներով), իսկ փոխանցումներն իրականացվում են «Donation We and our borders» (ֆինանսական օգնություն. mենք ենք, մեր սահմանները), «Արցախ» կամ «Artsakh» նշումներով:

«Բանկը քաղաքական նպատակներով և քաղաքական գործունեությանը մասնակցելու նպատակով առևտրային կազմակերպություններին, կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին օգնություն չի ցուցաբերում», - հայտարարել են բանկից:

«Սբերբանկից» նշել են, որ հաճախորդների կողմից իրականացվող գործարքների մոնիթորինգն իրականացվում է «փողերի լվացման դեմ» օրենսդրությանը համապատասխան։

«Ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ ՝ ներառյալ լիազորված մարմինների տեղեկացումը»,-հավելել են բանկում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը հատել է 100 միլիոն դոլարի շեմը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը