Իրանի տարածքում հրթիռ է ընկել. լուսանկար

Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունը հայտնում է, որ ղարաբաղյան պատերազմի 18 օրերի ընթացքում արդեն ավելի քան 50 հրթիռահրետանային արկ է ընկել Իրանի տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 13-ի ուշ երեկոյան Իրանի տարածքում հրթիռ է ընկել։ Տեղեկությունը հայտնում է Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունը` նշելով, որ հրթիռը պայթել է Հերիս շրջանի գյուղերից մեկում` Թավրիզից 70 կմ հյուսիս–արևելք։

​Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավարը գործակալությանն ասել է, որ հրթիռն արձակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկը։

Սահմանին հայտնված լրտեսական ԱԹՍ–ն. ո՞ր դեպքում պատերազմին կխառնվի Իրանը

Արևելյան Ադրբեջանի նահանգապետի քաղաքական ու անվտանգության հարցերի տեղակալ Ալիար Ռաստգուն էլ IRNA–ին հայտնել է, որ հրթիռն ընկել է Ակա Ալիլոու գյուղի գյուղատնտեսական հողերի տարածքում։

«Բարեբախտաբար հրթիռի պայթյունը մարդկային ու ֆինանսական կորուստներ չի պատճառել»,– ավելացնում է  IRNA–ն։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Ղարաբաղյան պատերազմի 18 օրերի ընթացքում Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ տարածքներում ու մասնավորապես Խոդա Աֆարին քաղաքի տարածքում արդեն ավելի քան 50 հրթիռահրետանային արկ է ընկել։

Երբ ջախջախում են ադրբեջանական ԶՈւ–ին, նրանք փախչում են դեպի Իրանի սահման. Հովհաննիսյան

Հիշեցնենք` հոկտեմբերի 13-ին առավոտյան Իրանի IRNA լրատվական գործակալությունը հայտնել էր նաև, որ նույն օրը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդեբիլ նահանգի Պարսաբադ-Մողան սահմանամերձ շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել: Փաստը հաստատել էր Արդեբիլի փոխնահանգապետ Բեհրուզ Նեդաին` հավելելով, որ հետաքննություն է անցկացվելու` պարզելու, թե կողմերից որին է այն պատկանում։

Համացանցում տարածված տեսանյութի համաձայն, սակայն, այն պատկանում է Ադրբեջանին, իսրայելական IAI Harop ընկերության արտադրության է և հայտնաբերվել ու խոցվել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Ադրբեջանն Իրանից ներողություն է խնդրել իրանական տարածք հրթիռներ արձակելու համար