ՀՀ–ի կողմից Ադրբեջանի տարածքում ռազմական օբյեկտների թիրախավորումն արդեն լեգիտիմ է

Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում մարտական հրթիռային համակարգի թիրախավորումը լեգիտիմացնում է ՀՀ կողմից պատասխան քայլերը"
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Այսօրվա ընթացքում Հայաստանի տարածքում Ադրբեջանը թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Սա ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին. Սոլովյովը` Հայաստանին հարվածելու մասին

«Օրվա ընթացքում Ադրբեջանը տեղանքի մասին խոսելիս նախ նշում էր ՀՀ տարածքը, ապա Քարվաճառը, հետո Հայաստանի սահմանը, հետո Հայաստանը։ Կարծես աշխարհագրության խնդիր ունեն։ Թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը լեգիտիմացնում է ՀՀ–ի կողմից պատասխան քայլերը և նմանատիպ մարտական թիրախների թիրախավորումը Ադրբեջանի տարածքում»,– ասաց նա։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Մարտակերտի հիվանդանոցի թիրախավորմանը և հայտարարեց, որ այն մեծ արձագանք պիտի ստանա աշխարհում։

«Պետք է տեսնեն, թե ինչպես են բուժհիմնարկները ևս թիրախավորվում, թեև մեզ համար դա զարմանալի չէ։ Մենք տեսել ենք դա իրենց կողմից մի քանի անգամ։ Եթե թիրախավորվում է եկեղեցին, կթիրախավորվի նաև հիվանդանոցը»,– ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն այսօր առավոտյան հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ին հարված են հասցրել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Քարվաճառի (Քելբաջար) մոտ մարտական հերթապահություն իրականացնող տեխնիկային։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց հարվածի փաստը` նշելով, որ ժամը 08.36-ին Հայաստանի սահմանամերձ շրջանում՝ Քելբաջարի շրջանի մոտ, հրթիռային համակարգ է ոչնչացվել։ Հարվածը հասցվել է լոկ այն պատճառով, որ տեխնիկան իբր «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»

ՀՀ պաշտպանության նախարարությունը հարվածից հետո հայտարարություն տարածեց` վստահեցնելով, որ մինչև այդ պահը ՀՀ տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, բայց այսուհետ ՀՀ ԶՈւ–ն իրեն իրավունք է վերապահում թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։