Շառլ Ազնավուրի որդին Փարիզում մասնակցել է Արցախի աջակցությանն ուղղված ակցիային

Նիկոլա Ազնավուրն ավելի վաղ բաց նամակ էր հղել Ֆրանսիայի նախագահին` հորդորելով ճանաչել Արցախի անկախությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, և նրա կինը` Քրիստինա Ազնավուրը, Փարիզում մասնակցել են Արցախի աջակցությանն ուղղված ակցիային։ «Ազնավուր» հիմնադրամի էջում հրապարակվել է ամուսինների լուսանկարը։

Նիկոլա Ազնավուրը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը, իսկ նրա կինը հիմնադրամի գործադիր տնօրենն է։

Ակցիայի նպատակը Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին իրազեկվածությունը բարձրացնելն էր։ Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են Արցախի միջազգային ճանաչումը։

Ավելի վաղ Նիկոլա Ազնավուրը կոչ էր արել Ֆրանսիայի նախագահին ճանաչել Արցախի անկախությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը