Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»

​Եկեք անկեղծ լինենք։ Այս պատերազմի աչքի զարնող առանձնահատկություններից մեկն այն է, որ միգուցե Բեռլինում և Փարիզում բնակվողներն ավելի համապարփակ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է կատարվում ռազմաճակատում, քան երևանցիներն ու բաքվեցիները։
Sputnik
Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ընթանում է միանգամից 3 հարթություններում. «Դի ցայտ»

Ու դա միանգամայն հասկանալի է՝ հակամարտող կողմերից յուրաքանչյուրը իր տեսանկյունից է ներկայացնում կատարվողը, մինչդեռ օտարերկրյա լրագրողները հիմնականում նման պրոբլեմ չունեն։ Նրանք պարզապես նկարագրում են իրենց աչքով տեսածը։ Օրինակ, բրիտանական ԲիԲիՍի-ի թղթակիցը Ստեփանակերտից հաղորդում է, որ չնայած քաղաքը ռմբակոծությունների է ենթարկվել և մարդիկ պատսպարվել են նկուղներում, որոշ ժամանակ պայթյունների ձայներ չեն լսվում և բացվում են խանութները, նույնիսկ մի սրճարան է սկսել աշխատել, որից ընդամենը մոտ 50 մետր հեռավորության վրա գետնին է մխրճվել չպայթած արկը։ Եվ ստեփանակերտցիները գիտե՞ք ինչ են արել, արկը չեն հանել, բոլոր կողմերից այն շրջապատել են ծաղկամաններով։ Համաձայնեք՝ հուզիչ տեսարան է՝ դուք մահաբեր զենքով, իսկ մենք գեղեցիկ ծաղիկներով։

Հայ-ադրբեջանական պատերազմ. Ռուսաստանի երեք տարբերակները

​Իհարկե, օտարերկրյա թղթակիցները նաև այլ տեսարաններ են նկարագրում՝ թե ինչպես են ստեփանակերտցիները ապրում իրենց շենքերի նկուղներում, ջրատար խողովակի վրա էլ մոմեր են ամրացրել, որ վառեն, եթե հանկարծ էլեկտրականությունն անջատվի։ Սա նոր բան չի, ժամանակին, երբ ադրբեջանցիները ամեն օր մեթոդաբար հրթիռակոծում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը Շուշիից՝ «Գրադ» կայանքներից, ես էլ եմ եղել այս նկուղային կյանքի ականատեսը։ Բայց այն ժամանակ ով կարող էր մտածել, որ այդ ամենը դեժավյուի նման կկրկնվի գրեթե 30 տարի հետո։

​Բայց վերադառնանք օտարերկրյա լրատվամիջոցների հրապարակումներին։ Եվրոպացի մեկնաբանները փորձում են ներկայացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատկերն ու պատճառները։ «Դի ցայտ» գերմանական պարբերականը գրում է. «Այս պատերազմը վտանգավոր է, որովհետև ծավալվում է միանգամից երեք հարթություններում՝ երկրաքաղաքական, ռազմաքաղաքական և ներքաղաքական։ Պատմականորեն Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են նախկին երեք կայսրությունների՝ Ռուսաստանյան, Օսմանյան և Պարսկական կայսրությունների հատման կետում և այս հանգամանքը բավարար հիմք կարող է ծառայել ներկա հակամարտության սրման համար»։

Թշնամու հարցում մեր բախտը չի բերել, կամ ինչու ամերիկացիներին կարելի է, ղարաբաղցիներին՝ ոչ

​Գերմանական պարբերականն այսպես է ներկայացնում հակամարտությում ներգրավված կողմերի դիրքորոշումները։ Մեջբերեմ։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բիլդ« թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ 100 տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ 1915 թվականի ցեղասպանությունը շարունակելու համար, նշում է հոդվածագիրը, շարունակելով. «Անկարան այս պատերազմում իրականում պաշտպանում է Ադրբեջանին որպես եղբայր պետություն և դատապարտում է Հայաստանին այսպես ասած սադրանքների համար։ Թուրքիան, ասում է նախագահ Ռեջեփ Էրդողանը, միշտ լինելու է Ադրբեջանի կողքին»։ Հոդվածի հեղինակը մանրամասնում է, որ Էրդողանը նկատի ունի ռազմական խորհրդատուների ծառայությունները, ինչպես նաև առաջին հերթին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, որոնք նորօրյա Թուրքիայի արտահանման մեծ սպառում ունեցող արտադրանքն են։ Այս սարքերի օգնությամբ թուրքական բանակն արդեն էականորեն ազդել է Լիբիայում ընթացող քաղաքացիական կռիվների վրա», փաստում է գերմանական լրատվամիջոցը։

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, կամ Արթուր Քլարկի իրականացած ու չիրականացած կանխատեսումները

​«Դի ցայտ» գերմանական պարբերականն արձանագրում է. «Թուրքիայում և Ադրբեջանում հիմնականում մահմեդականներ են ապրում, Հայաստանում՝ քրիստոնյաներ, սակայն իրականում այս պատերազմը շատ քիչ առնչություն ունի կրոնի հետ։ Հավատացյալ Էրդողանին և ԽՍՀՄ-ում ծնված աշխարհիկ Ալիևին իրենց կրոնը չէ, որ կապում է, մանավանդ, որ թուրքերի մեծամասնությունը սուննի են, ադրբեջանցիները՝ գերազանցապես շիա։ Խոսքը երկրաքաղաքական շահերի մասին է», փաստում է գերմանական պարբերականը։

​Այս լրատվամիջոցը մի հետաքրքրական դիտարկում է անում։ Մեջբերեմ։ «Վերջին տարիներին Ադրբեջանի բանակի զինման գործում ավելի մեծ դեր է խաղացել Իսրայելը, քան Թուրքիան։ Խաղաղության հարցերի ուսումնասիրման Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով, այժմ ներկրվող սպառազինությունների 60 տոկոսը Ադրբեջանը ստանում է Իսրայելից», գրում է գերմանական պարբերականը, արձանագրելով պարադոքսալ մի իրականություն՝ Իսրայելը զենք է մատակարարում շիա բնակչություն ունեղող Ադրբեջանին, որին սատարում է նաև Թուրքիան, որի հետ Իսրայելը լարված հարաբերություններ ունի։ Սա ցույց է տալիս, թե որքան է խճճված իրավիճակը Կովկասում»։