Թբիլիսին կրկին հավատացնում է, որ իր տարածքով ռազմական բեռներ չեն անցնում

Վրաստանը ավիափոխադրողներին պատասխանատվության կենթարկի, եթե հանկարծ բացահայտվի և ապացուցվի մարդասիրական միջանցքը չարաշահելու փաստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարել է, որ արցախա–ադրբեջանական հակամարտության սրման սկզբից Վրաստանը դադարեցրել է ռազմական բեռների տարանցումը ցամաքային և օդային ճանապարհներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցում չի կատարվում։ Համաձայն Վրաստանի տրամադրության տակ եղած փաստաթղթերի՝ Վրաստանի օդային տարածքով իրականացվում են միայն մարդասիրական և քաղաքացիական բնույթի չվերթեր»,-ասել է Դարսալիան։

Նա նշել է, որ ԶԼՄ-ներում ակտիվացել են շահարկումները, թե իբր Վրաստանի տարածքով քաղաքացիական թռիչքների պատրվակով ռազմական նշանակության բեռների մատակարարումներ են իրականացվում։ Դարսալիայի խոսքով՝ Վրաստանը շարունակում է կատարել հումանիտար և քաղաքացիական, այդ թվում՝ կոմերցիոն բեռների հետ կապված միջազգային պարտավորությունները։

Իսրայել–Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան. Հովհաննիսյանը ներկայացրել է «հումանիտար» բեռի երթուղին

Եվ դա արվում է միջազգային իրավունքին համապատասխան, պահպանվում են նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափորոշիչները։

Փոխնախարարն ընդգծել է, որ խախտումների հայտնաբերման և ծանրակշիռ ապացույցների առկայության դեպքում Վրաստանը կարձագանքի համապատասխան ձևով, խախտողները պատասխանատվության կենթարկվեն միջազգային իրավունքին համապատասխան, պատասխան կտան նաև ICAO-ի առաջ:

Հիշեցնենք, որ արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Վրաստանը ժամանակավորապես արգելել է ռազմական նշանակության բեռների տարանցումը դեպի Հայաստան և Ադրբեջան։

Վարչապետ Գեորգի Գախարիան նույնպես հերքել է սոցցանցերում և ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Վրաստանի տարածքով ռազմական նշանակության բեռներ են մատակարարվում Ադրբեջան։

Հայաստան եկող բեռնատարում ռազմական բեռ չի հայտնաբերվել. Վրաստանը հերքել է Ադրբեջանի սուտը