Շոյգուին մտահոգել է վարձկան գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու տեղեկությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կայունացմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մտահոգել են Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիններ տեղափոխելու տեղեկությունները։

«Երեկ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այդ առնչությամբ մտահոգություն է հայտնել Թուրքիայի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին», - նշված է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հնարավորինս շուտ կայունացնելու նախաձեռնությունների իրականացմանը։ 

Սերգեյ Շոյգուն կրակի անհապաղ դադարեցման շուրջ բանակցություններ է վարում

Այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ներառյալ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի կողմից անցկացվող բանակցությունները, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի բանակցությունների վերսկսումը` տարածաշրջանային իրավիճակը կարգավորելու համար։

Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներն ավելի վաղ հակամարտող կողմերին կոչ էին արել դադարեցնել բախումները և բանակցություններ սկսել: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ էր պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը և շարունակում է հարվածներ հասցնել Արցախին։