Մնացականյանը վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը ներկայացրել է ՄԽ–ին

ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ չնայած հոկտեմբերի 10-ի հայտարարությանը, Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, ոչ չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը, Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։

ՀՀ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությունն ու ամփոփել խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում մինչ օրս արված աշխատանքները:

Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին հանդիպմանը միացել է հեռահար ձևաչափով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպման ավարտին համանախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ էին արել անհապաղ քայլեր ձեռնարկել կողմերի ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար՝ տարածաշրջանին սպառնացող աղետալի հետևանքները կանխելու նպատակով:

Ինչու պետք է կողմերը վստահեն Ռուսաստանին. Արմեն Սարգսյանի կարծիքը

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Ադրբեջանը, անտեսելով պայմանավորվածությունը, շարունակում է հարվածներ հասցնել Արցախի ուղղությամբ։

Երեկ` հոկտեմբերի 12–ին, Մոսկվայում կայացավ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, իսկ այսօր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Լավրովի հետ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանն ու Արցախը կողմ են հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմներին, Ադրբեջանը` ոչ։