ԿԽՄԿ-ն Արցախում զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել

Միջազգային կազմակերպության գնահատականով, առաջիկա ամիսներին տարածաշրջանում օգնության կարիք կունենան տասնյակ հազարավոր մարդիկ։ Այդ պատճառով ԿԽՄԿ–ն հանդես է եկել կազմակերպությանը լրացուցիչ ավելի քան 10 մլն դոլար հրատապ հատկացնելու մասին հորդորով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հույս է հայտնում, որ կպահպանվեն Արցախում մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Այս մասին այսօր Ժնևում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԽՄԿ Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը։

Կարմիր խաչն Արցախում աշխատանքները դեռ չի սկսել. հրադադարի պահպանման պայմանները բավարար չեն

«Հույս ունենք, որ մարդասիրական նպատակներով հրադադարի մասին համաձայնությունը կպահպանվի և զգալի թեթևություն կբերի տուժածներին։ ԿԽՄԿ–ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել մարտական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինները կողմերին հանձնելու, ինչպես նաև գերիներին ազատելու հարցում», – ասել է նա։

Նրա խոսքով` կողմերն ընթացակարգի ձևաչափի մասին պետք է պայմանավորվեն միմյանց հետ, ինչպես նաև ապահովեն կազմակերպության խմբերի անվտանգությունն այդ գործողություններն իրականացնելու համար։ Այժմ Կարմիր խաչը շարունակում է քննարկումները կողմերի հետ և հանդես է գալիս առաջարկներով։

Տոնոյանն ու Կարմիր խաչի անդամները քննարկել են գերիների և զոհերի փոխանակման ընթացակարգերը

«Մեր կազմակերպությունը քաղաքական բանակցություններում ներգրավված չէ։ Մեր դերը որպես չեզոք միջնորդ՝ բացառապես մարդասիրական է», – հիշեցրել է Կարմիր խաչի ներկայացուցիչը։

Բացի այդ, միջազգային կազմակերպության գնահատականներով, առաջիկա ամիսներին տարածաշրջանում օգնության կարիք կունենան տասնյակ հազարավոր մարդիկ։ Այդ պատճառով, ասել է Շուեպը, Կարմիր խաչը հանդես է եկել մարդասիրական գործողությունների համար լրացուցիչ ավելի քան 9 մլն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 10 մլն դոլար) կազմակերպությանը հրատապ հատկացնելու մասին հորդորով։

«Մենք արդեն սկսել ենք պետություններից շռայլ հանգանակություններ ստանալ և խորապես երախտապարտ ենք այդ աջակցության համար», – ասել է Շուեպը։

Զոհվածների վերադարձի և գերիների փոխանակման թեմայով ԵԱՀԿ ՄԽ–ն կապի մեջ է Կարմիր խաչի հետ

Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներն ավելի վաղ հակամարտող կողմերին կոչ էին արել դադարեցնել բախումները և բանակցություններ սկսել: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևել էր գրեթե 11 ժամ և ավարտվել համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ էր պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Ադրբեջանը, սակայն, խախտում է պայմանավորվածությունը և շարունակում է հարվածներ հասցնել Արցախին։