Կորոնավիրուսի դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա. բժիշկները պայքարում են երկու դաշտում

Պատերազմական այս օրերին կորոնավիրուսի մասին շատերն են մոռացել, այնինչ հիվանդանոցներում այժմ կորոնավիրուսով վարակված 1600-ից ավել մարդ կա։ Հոսպիտալացվում են միայն ծանր վիճակում գտնվողները. մահճակալային ֆոնդը խնայում են զինվորների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը կրկնակի աճել են. այժմ վարակվածության դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Եթե սեպտեմբերի 27-28-ի շրջանում օրական 300-350 դեպք էր, ապա հոկտեմբերի 12-13-ի դրությամբ 740-745 դեպք ունենք։ Սա շատ վատ ցուցանիշ է։ Եթե այսպես շարունակվի, ապա հոկտեմբերի 26-27-ին արդեն շուրջ 1500 դեպք կունենանք օրական, այսինքն` կգերազանցենք ամռան տվյալները»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` այսօրվա հետազոտությունների 30-35 տոկոսի արդյունքը դրական է լինում, ինչը Հայաստանի համար պիկ շրջանի` հունիսի 10-15–ի ցուցանիշին է համապատասխանում։ Սահակյանը հիշեցնում է, որ հունիսին երկրում քաղաքականություն փոխվեց ու անցանք պարտադիր դիմակային ռեժիմի` բաց և փակ տարածքներում դիմակ կրելը պահանջ էր։ Դիմակ կրելու արդյունքը, ըստ Սահակյանի, ակներև էր, քանի որ դեպքերի  նվազում արձանագրվեց։

Խցանված Երևանն ու դիմակավոր ուղևորները. ինչպե՞ս փրկել կորոնավիրուսից փրկվածներին

Մասնագետը նկատում է` չնայած այսօր դիմակ կրելու պահանջը կա, չի չեղարկվել, սակայն մարդկանց մտահոգության թեման ռազմական վիճակն է, և շատերն ուղղակի մոռացության են մատնել կորոնավիրուսը։ Անվտանգության կանոններին բնակչությունը չի հետևում։ Սահակյանը նշում է` շատ քչերն են դիմակներ դնում, հանրային տրանսպորտը գերբեռնված է, կուտակումներ են լինում, սոցիալական հեռավորությունը չեն պահպանում։

«Այս օրերին անվտանգության կանոնները ոչ մեկին չի հետաքրքրում, և եթե անգամ սոցիալական հարթակներում նման հարց ենք բարձրացնում, ասում են` դրա ժամանակը չէ։ Համաձայն եմ` մեր առաջին մտահոգությունը ռազմաճակատն է, սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ մեր ճիշտ վարքագծով ապահովում ենք ռազմաճակատի թիկունքն ու առաջնագծում կռվողների առողջությունը»,–ասում է Սահակյանը։

Հակառակ դեպքում, ըստ նրա, մենք զինվորի համար լրացուցիչ բեռ ենք ստեղծում, քանի որ վիրուսը խոչընդոտներ չի ճանաչում, հեշտությամբ փոխանցվում է։

Կորոնավիրուսը որքա՞ն է մնում թղթադրամի ու հեռախոսի վրա․ նոր ուսումնասիրություն

Ինչ վերաբերում է հիվանդանոցների ծանրաբեռնվածությանը, ապա դրանք շարունակում են բավական ակտիվ աշխատել, քանի որ մի կողմից կորոնավիրուսով հիվանդներին են ընդունում, մյուս կողմից` վիրավորներին։ Սահակյանը հայտնեց, որ այս պահին 1600–ից ավել կորոնավիրուսով վարակված է հոսպիտալացվել, իսկ 7700-ից ավելին էլ տնային պայմաններում ինքնամեկուսացած են։ Ի դեպ, հիմա հոսպիտալացվում են շատ ծանր դեպքերը, քանի որ մահճակալային ֆոնդը խնայում են վիրավոր զինծառայողների համար։ Բժիշկները նույնպես հիմա երկու ճակատով են կռվում։

Կարելի՞ է բազմակի օգտագործման դիմակ դնել. դասերը մեկնարկելուն պես նոր հարցեր են ծագել

Սահակյանը հորդորում է հետևել բոլորին հայտնի հակահամաճարակային կանոններին` դիմակ դնել, սոցիալական հեռավորությունը պահպանել և հիգիենային հետևել։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 745 դեպք է արձանագրվել։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 57 566 մարդ։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել: