ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ փոքրիկ տղան ընդամենը երկու մատով պատրաստվում է մի քանի տոննա կշռող ավտոմեքենա քաշել հանուն հայրենիքի։
«Այս փոքրիկ դյուցազունը քաշելու է այս մեքենան։ Սա ակցիա է, որի արդյունքում ունենալու ենք միջոցներ՝ նվիրաբերված մեր բանակին, մեր պետությանը։ Ոգևորիչ միջոցառում երիտասարդների համար»,- տեսանյութը հետկադրային տեքստով մեկնաբանում է Հովհաննիսյանը։
Հավաքվածների ոգևորիչ ծափերի ու բացականչությունների ներքո փոքրիկ տղային հաջողվում է ոչ միայն տեղաշարժել, այլև մի քանի մետր քաշել հայոց եռագույնով ծածկված մեքենան։
«Հաղթում ենք»,- տղայի հաղթանակից հետո սկսում են շարունակաբար բացականչել հավաքվածները։
Ի դեպ, այս փոքրիկի մասին արդեն պատմել էինք։ Սա նրա առաջին հերոսությունը չէ։ Հայոց դյուցազնավեպի՝ «Սասունցի Դավիթ» էպոսի գլխավոր հերոսի անվանակից Դավիթն արդեն հայտնի է իր ռեկորդներով։ Նրա անունը մի քանի անգամ գրանցվել է Դյուցազնագրքում։
«Էդ պահին հիմնականում չես մտածում, ուղղակի գիտես, որ պետք է գնաս առաջ». տեսանյութ
Դավիթն ընդամենը 5 տարեկան է, նրա հայրը ԱԻՆ փրկարար ծառայության վարորդ է։ Որդու զարմանալի կարողությունները հայրն է բացահայտել ու սկսել մարզել նրան։
Դավիթն իր առաջին ռեկորդում ավելի քան 1 տոննա 630 կգ-ոց մեքենա է հրել, որին հաջորդել են ևս երկուսը՝ 56 վայրկյանում ձախ ձեռքով 30 հրումները, ապա աջ ձեռքով՝ 58 վայրկյանում կրկին 30 հրումները։
Ի դեպ, փոքրիկ դյուցազունն իր ռեկորդներից մեկը նվիրել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին։