ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով սկսել են լայնածավալ հարձակողական գործողություններ, դրանք հատկապես թեժ են եղել հյուսիսային ուղղությամբ։ Ծավալուն հրետակոծությունից հետո անցել են լայնամասշտաբ հարձակման՝ զրահատեխնիկայի կիրառմամբ։ Երևանում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել»,- նշեց Հովհաննիսանը՝ հավելելով, որ մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով մեծ կորուստներ։
Հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի։
«Չնայած նրան, որ վերջին օրերին Ադրբեջանը ԶՈՒ-ն որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ հետախուզադիվերսիոն գործողություններով ռազմաճակատի տարբեր բնակավայրերում արագ ներթափանցում իրականացնել և տեղեկատվական ակցիաներ անել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի մոտ նկարվել՝ հոգեբանական ազդեցություն թողնելու համար առաջին հերթին իրենց հասարակության վրա»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ մարտական գործողությունների ընթացքում սեփական զինված ուժերի հարձակողական ներուժը կոտրելուց և որևէ նշանակալի հաջողություն չունենալուց հետո, Ադրբեջանի հասարակությանը պետք է «կերակրել» նման տեղեկատվությամբ։
Արծրուն Հովհաննիսյանը նաև որոշակի տվյալներ է ներկայացնում, որոնք ապացուցում են իր խոսքերը։
«14-15 օրվա ընթացքում մեկ գնդի խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական երեք-չորս բանակային կորպուսները մեծ գովելու բան չունեն։ Ցանկացած միջազգային փորձագետ կհավաստի իմ ասածը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այսքանից հետո միայն մնում է դիվերսիոն խմբերով արագ ներթափանցումներ անել տարբեր բնակավայրեր և լուսանկարվել տարբեր շինությունների մոտ, հետո դրանք ներկայացնել որպես այս կամ այն գյուղի կամ քաղաքի գյուղապետարան կամ քաղաքապետարան և այլն։
Հովհաննիսյանի խոսքով՝ Հադրութի հետ նույն բանն է տեղի ունենում. երբեմն ադրբեջանական դիվերսիոն խմբեր ներթափանցում են։
«Նրանց դեմ մեր զինված ուժերը պայքարում են, բայց քանի որ տեղանքը լեռնային է, անտառային է, կտրտված է, չի բացառվում նման դիվերսիոն խմբերի ներթափանցումը Հադրութ և շրջակա բնակավայրեր»,- նշեց նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո