ԵԱՀԿ ՄԽ–ն Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը

Համանախագահները կրկնում են՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են ցանկացած պարագայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խիստ մտահոգում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով շարունակվող բռնությունները: Համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

Ադրբեջանը պատասխան կտա. ՊԲ-ն կոշտ հայտարարություն է արել

Համանախագահները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել կողմերի ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար՝ տարածաշրջանին սպառնացող աղետալի հետևանքները կանխելու նպատակով:

«Համանախագահները կրկնում են՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են ցանկացած պարագայում: Նրանք կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել զոհվածների մարմիններն ու գերիներին փոխանակելու համար։ Համանախագահները կողմերին հորդորում են անհապաղ համաձայնեցնել հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմը»,- նշված է համանախագահների հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զրուցել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Զրույցներից հետո համանախագահները կողմերի հետ աշխատում են ղարաբաղյան խնդրի լուծմանը բանակցային ճանապարհով հասնելու համար:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Ադրբեջանը, անտեսելով պայմանավորվածությունը, շարունակում է հարվածներ հասցնել Արցախի ուղղությամբ։

Երեկ` հոկտեմբերի 12–ին, Մոսկվայում կայացավ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, իսկ այսօր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Լավրովի հետ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանն ու Արցախը կողմ են հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմներին, Ադրբեջանը` ոչ։