Աշխարհազորայինները կարող են կամավորագրվել. Հարությունյանը ստորագրել է օրենքը

«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ ստորագրել է «Պաշտպանության մասին» Արցախի օրենքում լրացումներ կատարելու մասին ԱԺ կողմից ընդունված օրենքի նախագիծը: Տեղեկությունը նա հայտնել է Facebook–ի իր էջում։

«Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը։ Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը»,–գրել է Հարությունյանը։

Նա հիշեցրել է, որ թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում են ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:

Սերգեյ Շոյգուն կրակի անհապաղ դադարեցման շուրջ բանակցություններ է վարում

Հարությունյանը ևս մեկ անգամ դիմել է ժողովրդին` համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Նախագահը վստահեցնում է`  հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո