ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Արևելյան գործընկերության ապագա քննարկելը հնարավոր չէ, քանի դեռ հիմքում ընկած արժեքներն ու նպատակները ոտնահարվում են անդամ երկրներից մեկի՝ Ադրբեջանի կողմից։ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպման ժամանակ։
Նախարարի տեղակալն ընդգծել է՝ Ադրբեջանը Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ արդեն 16 օր է, ինչ շարունակում է Արցախի և Հայաստանի դեմ բացահայտ ագրեսիան՝ ռմբակոծելով և գնդակոծելով խաղաղ բնակչությանը և կենսական ենթակառուցվածքներ։ Փոխնախարար Ադոնցը նաև նշել է, որ հակառակորդը կասետային և միջազգայնորեն արգելված այլ զինատեսակներ է օգտագործում։
«Ավետ Ադոնցն ընդգծեց, որ Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարբեր երկրների առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական միության ու Եվրոպական խորհրդարանի անդամների բազմաթիվ կոչերը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո